Ինչպես հիմնել բիզնես: Վաճառքի հմտություններ և մի շարք լավ-լավ խորհուրդներ գործարար-ուսանողներիս համար:

Торговля не разрушила еще ни один народ.

(Бенджамин Франклин)

          Մեր օրերում արդիական է դարձել սեփական բիզնես հիմնելու գաղափարը: Սա ոչ միայն գումար վաստակելու և բարեկեցության հասնելու գրավական է, այլև ցանկացած պետության կայացման կարևոր երաշխիք: Սեփական բիզնես հիմնելու մասին մտածելով՝ գեներացնում ես նոր բիզնես-գաղափարներ, թարմ նախագծեր, որոնք ենթադրում են նոր աշխատատեղեր, նոր մուտքեր բյուջեում և, ինչո՞ւ ոչ, երկրի տնտեսության աճ, որն այնքան կարևոր է այսօր: Տնտեսությունը զարգանում է նոր արտադրություն և ծառայություններ ստեղծվելու հաշվին։

           Իսկ որտե՞ղ են ծնվում թարմ բիզնես գաղափարները։ Դե, իհարկե, երիտասարդ ուղեղում՝ որոնող, պրպտող,  շարունակ ճամփորդող, անհանգիստ խառնվածքի տեր մարդու մեջ, որն ազատ է նախապաշարումներից, բաց է յուրաքանչյուր նոր մտքի առաջ: Ուստի շատ կարևոր է, որ Քոլեջի մեր ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերեն համապատասխան գործիքներ՝ իրենց ապագա «խոհանոցում» մեկը մեկից տարբեր, մեկը մեկից հետաքրքիր «ուտեստներ» պատրաստելու համար: Այս համեմատությունը պատահականորեն չբերեցի․ ցանկացած գործունեություն սկսելուց առաջ հարկավոր է լավ պատկերացնել, թե ինչպիսի գործիքներ կարող ես օգտագործել՝ գործը գլուխ բերելու համար: Այստեղ օգնության են գալիս շուկայի ուսումնասիրության մի շարք հմտություններ և հնարքներ, որոնք օգնում են ստեղծել իրատեսական բիզնես-գաղափար, ստանալ ռեալ պատկերացում շուկայում տիրող իրավիճակի մասին, կարողանալ ճիշտ ներկայանալ և ճիշտ ներկայացնել ընկերություն կամ   ապրանքատեսականին։ Կարևոր է կարողանալ զարգացնել վաճառքի հմտություններ, որոնք թույլ կտան իրացնել ապրանքը կամ ծառայությունը ու հասցնել այն սպառողին: Այս ուստարվա ընթացքում իրականացվել է մեծ մի նախագիծ, որի շրջանակում հրավիրվել են թե՛ վաճառքի մասնագետներ, թե՛ գործարարներ և թե՛ ֆինանսիստներ, որոնք  ուսանողներին են փոխանցել իրենց փորձը, խորհուրդներ տվել և պատասխանել սովորողների հարցերին:

       Դե, եթե շերեփի տեղը գիտես և աղի տեղը գիտես, մնում է՝ միացնես երևակա-յությունդ և սկսես ճաշ եփել…

Այս ուստարվա ուսումնական գործունեության հիմնական վերջնանպատակը եղել է այն  որ սովորողը ոչ միայն հերթականությամբ ուսումնասիրի ծրագրով նախատեսված ինչ-որ թեմաներ, այլև կարևոր և ապագայում օգտագործման ենթակա համապատասխան հմտություններ հավաքելով՝ կարողանա նախագծի վերջում բիզնես-պլան գրել և  մասնագիտորեն ներկայացնել այն ներդրողին:

        Ամենաառաջին նախագիծը, որ սկսեցին իրականացնել երկրորդ կուրսեցիները,  գործարարին բնորոշ կերպարի բացահայտումն էր: Սովորողները պետք է փորձեին պատկերացում կազմել, թե ինչպիսի  բնավորության գծերով պետք է օժտված լինի գործարարը: Այդ նպատակով սովորողներին առաջարկվեց փոքրիկ հոգեբանական թեստ, որից հետո նրանք պետք է որոշեին, թե  որքանով են համապատասխանում այդ կերպարին: Քննարկեցին և բացահայտեցին նաև իրենց մեջ որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու, թիմում աշխատելու, գործընկերների նկատմամբ համբերատար լինելու հատկանիշները:

Դիանա Բարսեղյան

Լիլիա Ղուլյան

       Բիզնես գաղափարի ընտրությունը

Սա հաջորդ նախագիծն է, որը, ուսումնասիրելով տարբեր գաղափարներ, հնարավորություն է տալիս ֆիլտրման միջոցով, այնուհետև SMART կոչված սկզբունքի օգնությամբ ընտրել առավել իրատեսական գաղափարը: Ֆիլտրման մեթոդն այն է, երբ սովորողներից յուրաքանչյուրը թղթի վրա գրում է իր առաջարկված բիզնես գաղափարը, այնուհետև յուրաքանչյուր ուսանող 1-10 բալանոց համակարգով գնահատում է այդ գաղափարի իրատեսական լինելը: Բոլոր բիզնես գաղափարները գնահատելուց հետո բալերը գումարվում են, և դուրս բերվում առավել իրատեսականները, օրինակ՝ առաջին հնգյակը: Այս մեթոդը կոչվում է Brain Storm կամ մտագրոհ: Դուրս բերված գաղափարներն ուսումնասիրվում են՝ ըստ հաջորդ մեթոդի՝  SMART-ի միջոցով: Սա խնդիրներ պարունակող բառերի հապավում է, որը բացահայտելու միջոցով ուսանողը կարողանում է վերլուծության ենթարկել իր ընտրված բիզնես գաղափարը:

Մերի Հովեյանի բլոգից:

          Մյուս նախագիծը, որը ուսանողներին սովորեցնում է վերլուծել իրենց առաջադրված գաղափարի իրատեսական լինելը, կապված է այնպիսի մի հայտնի գործիքի հետ, որը կոչվում է SWOT վերլուծությունն։  Այդ վերլուծությունը շատ վաղուց լայն կիրառում է ստացել բոլոր  մարքեթինգային և տնտեսագիտական կազմակերպություններում: Այն օգտագործում են նաև խոշոր ընկերությունները՝ իրենց ռազմավարությունը մշակելու համար: Մեր ուսանողները պետք է կարողանան կատարել այդ վերլուծությունը, քանի որ այն թույլ կտա նրանց կայացնել կշռադատված որոշում և բացի այդ կխոսի ուսանողի պրոֆեսիոնալ որակների մասին: Նշեմ, որ այժմ SWOT վերլուծությունը սովորեցնում են տարբեր միջազգային բուհերում: Նախագիծը իրականացրինք հետևյալ կերպ․ ուսանողներին ներկայացվեց վերլուծության բնույթը, ինչպե՞ս վերլուծել, ի՞նչ է նշանակում այդ հապավումը: Այնուհետև առաջարկեցի կատարել վերլուծություն իրենց կողմից ընտրված ցանկացած հարցի վերաբերյալ: Նշեմ, որ սկզբում ոչ բոլոր ուսանողները կարողացան արագ ընկալել և իրականացնել նախագիծը, սակայն հետագայում իրար հետ աշխատելիս շատերը նշեցին այդ վերլուծության օգտակարությունը և նույնիսկ կիրառեցին իրենց վերջնական բիզնես նախագծերը գրելիս:

Ռոբերտ Գագինյանի բիզնես գաղափարի վերլուծությունը

Անահիտ Աբգարյանի վերլուծությունը

Միլենա Կիրակոսյանի վերլուծությունը

       Վաճառքի հմտությունների զարգացում և գովազդ. մասնագիտական համատեղ նախագիծը իրականացրել եմ իմ գործնկեր Ելենա Օհանյանի հետ: Նախագիծը բավական ծավալուն է և տևեց մոտ 3 ամիս: Նախագծի շրջանակում ուսանողները սովորեցին, թե ինչպես ներկայանալ, ինչպես ներկայացնել ապրանքը, ինչպես հարաբերվել տարբեր հաճախորդների հետ:  Նախագծի շրջանակում ունեցանք հանդիպումներ Բանկային վաճառքների, Մարքեթինգային ոլորտի մասնագետների, գործարարների հետ:

Փորձեմ մանրամասն ներկայացնել իմ կողմից իրականացրած նախագծերը և հանդիպումները: Մեծ նախագծի մեկնարկը «Ինչպես ապրանքը վաճառել հաճախորդին» խնդիրն էր: Նախագծին մասնակցեցին 2 կուրսերի գրեթե բոլոր ուսանողները: Նախագիծն իրականացվեց Մինի-շուկա խաղի տեսքով: Այստեղ առաջ եկան բավականին հետաքրքիր բացահայտումներ․ ես հայտնաբերեցի, որ որոշ ուսանողներ, որոնք առօրյա կյանքում ինքնամփոփ են և լուռ, կարողացան ներկայացնել և գովազդել իրենց ապրանքը: Ես ինձ համար եզրահանգում արեցի, որ այսպիսի պրակտիկ աշխատանքների ընթացքում էլ ձևավորվում է ապագա գործարարի բնավորությունը:

Նախագիծը և խաղից մի դրվագը այստեղ։

      Մյուս նախագիծը կոչվում է «Ինչպե՞ս գրագետ կազմել շնորհանդես և ներկայացնել այն»: Ուսանողները սովորեցին, թե ինչպես ուշադրություն գրավել, տեղեկություններ ներկայացնել՝ չձանձրացնելով ունկնդրին, և ինչպես գրագետ կազմել շնորհանդես: Յուրաքանչյուր ուսանող պիտի ներկայանար իր ընտրված թեմայով, իսկ դասընկերները պետք է լսելուց հետո վերլուծեին նրա ներկայացրած նյութը, ներկայացման ձևը և առաջարկեին շտկել թերությունները:

Քնար Հարությունյանի շնորհանդեսը

Կարինե Ղուլյանի Գովազդ-նախագիծը

Անգելինա Ղազարյանի ուրախ շնորհանդեսը

           Վաճառքի հմտություններ նախագծի շրջանակում ունեցանք  հանդիպումներ Ինեկոբանկի Մալաթիա մասնաճյուղի բիզնես վաճառքների բաժնի պետի և ավագ մասնագետի հետ: Մասնագետները բավական հետաքրքիր զրույց ունեցան մեր ուսանողների հետ, պատասխանեցին նրանց կողմից առաջադրված հարցերին և պատմեցին հետաքրքիր դեպքեր իրենց փորձից: Բացի այդ սովորողներին փոխանցեցին որոշ կարևոր սկզբունքներ,  որոնք կարող են հետագայում պետք գալ աշխատելու ժամանակ: Բավական հետաքրքիր և արդյունավետ հանդիպում ունեցանք վերջերս Մանթաշով գործարարների համահիմնադիր Վահե Թադևոսյանի հետ, որը երկար տարիներ զբաղվում է բիզնեսով, հիմնել է մեծ ընկերություն և հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի շուկայում: Խոսքը «Ագաթ» խանութների ցանցի մասին է: Հանդիպման մյուս օրը գործարարը նվիրեց ուսանողներին բիզնեսի և վաճառքների արվեստին վերաբերվող գրքեր:

       Ընթացիկ նախագիծը, որի վրա այժմ աշխատում են ուսանողները, վերաբերում է բիզնես-պլանի մշակմանը և ստեղծմանը: Ուսանողները, ողջ տարվա ընթացքում գիտելիքներ ստանալով, այժմ գրում են բիզնես նախագծերը՝ հիմնվելով իրենց սեփական բիզնես գաղափարների վրա: Աշխատանքը բավական հետաքրքիր է և ծավալուն, քանի որ յուրաքանչյուր ուսանող պետք է ուսումնասիրի իր ընտրված ոլորտի շուկան, կարողանա կատարել հաշվարկներ և ներկայացնի իր բիզնեսը վարելու, ապրանքը կամ ծառայությունը գովազդելու ռազմավարությունը: Նշեմ, որ ունենք ուսանողներ, որոնք ներկայացնում են իրենց արդեն ունեցած բիզնեսների նախագծերը:

Ներկայացնեմ Էլմիրայի, Մերիի և Շուշանի արտադրված էկոպայուսակների բիզնես նախագիծը:

Արթուր Ենոքյանի ապագա բիզնեսը

Լիլիթ Գասպարյանի և Դիանա Բարսեղյանի համատեղ բիզնես-նախագիծը

Օկսանա Հարությունյանի բիզնես-նախագիծը

     Ամփոփելով խոսքս՝ ավելացնեմ, որ մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները հենց այնպես չեն լինում, նույնիսկ եթե դրանք կատարվում են մեր կամքից անկախ: Կարծում եմ՝ այս առարկան դասավանդելով և ուսանողների հետ համագործակցելով՝ ես ինձ համար հայտնաբերեցի այն, ինչ բավականություն է պատճառում ինձ: Ունենալով գործարարների հետ համագործակցելու երկար տարիների փորձ՝ այդպես էլ համարձակություն չունեցա հիմնել իմ սեփական ձեռնարկությունը: Սակայն գիտելիքներս կարողանում եմ փոխանցել իմ ուսանողներին և մեծ ուրախություն եմ ապրում, եթե կուզեք՝ իսկական իմացումի հրճվանք: Ուսանողներիս հետ այս նախագծերով աշխատելիս սովորեցի լինել ավելի ինքնավստահ և համարձակ:

     Սակայն մի հարց ինձ, որ ուղղեցին ինձ ուսանողներս,  այդպես էլ ինձ հանգիստ չի տալիս․ «Ընկեր Նելլի, բա այդքան բան մեզ սովորեցրիք: Ինչո՞ւ մինչև հիմա Ձեր բիզնեսը չեք բացել և հարստացել»: Դրա մասին արդեն 2 ամիս է՝ մտածում եմ…:  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s